Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 338 կգ (153+185 կգ) արդյունքով։
Պոկում վարժությունում Սահակյանը, որն առաջին անգամ հանդես է գալիս նոր քաշային կարգում, երկու հաջող մոտեցում է կատարել և 153 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ նվաճել։ Հրում վարժությունում հայ ծանրորդը 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին։
Հայաստանը ԵԱ-ում ավելի վաղ երկամարտի 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էր կանանց 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ), իսկ տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Վաղը՝ ապրիլի 17-ին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ։ Ժամը 20։00-ից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։