Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին քննադատել է ֆուտբոլային խաղից հետո վրացի երկրպագուների պահվածքը:
«Հյուր թիմի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անթույլատրելի է։ Այս միանգամայն անընդունելի գործողությամբ մենք վիրավորեցինք նրանց և խանգարեցինք մեր թիմին իր երկրպագուների հետ միասին տոնել հաղթանակը։ Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա», - հայտարարել է Կոբիաշվիլին։
Ընդ որում, Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել ադեկվատ երկրպագուներին գեղեցիկ մթնոլորտի համար, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջին խաղում բարձր մակարդակով ջերմ ընդունելության համար:
«Շնորհակալություն հյուր թիմին և նրանց երկրպագուներին, որոնք Թբիլիսիում և Երևանում ընկերական միջավայր ստեղծեցին: Հատուկ շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին՝ բարձր մակարդակով հյուրընկալության համար: Երկու երկրների միջև սերտ կապը սպորտային առումով հաստատում է նաև Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտը՝ հյուրընկալելու աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը: Հույս ունեմ, որ 2029 թվականին Վրաստանը և Հայաստանը կդառնան ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալողները»,- ասվում է Կոբիաշվիլիի հայտարարության մեջ։