Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է հավաքականից։ Այս մասին Թբիսիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը:
Վերջինս պարզաբանել է, որ ֆուտբոլիստը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կա՛մ կլինի մեկնարկային կազմում, կա՛մ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։
«Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։ Իմ կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցե ֆուտբոլիստ մոտենա և այդպիսի առաջարկ անի։ Սա իմ դիրքորոշումն է»,- ասել է հոլանդացի մասնագետը։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Թբիլիսիում կկայանա Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը։ Երևանում կայացած մրցավեճում վրացիները հաղթել էին 3։0 հաշվով։