Սպորտ

Հովսեփյանը 2024թ. սպասարկել է 60 հանդիպում և ստացել 1,717,000 դրամ. ՀՖՖ

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ մրցավար Սամվել Հովսեփյանի գրառման կապակցությամբ. որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ֆուտբոլասեր հասարակություն,

Սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում շատ են եղել հայկական մրցավարության վերաբերյալ տարատեսակ գրառումներ և քննադատություններ:

ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն երբեք չի անդրադարձել դրանց, քանի որ ֆուտբոլային միջազգային կառույցները չեն ողջունում մրցավարական հարցերի վերաբերյալ հասարակական քննարկումները: Այս անգամ, սակայն, տեղի է ունեցել արտառոց երեւույթ՝ մրցավար Սամվել Հովսեփյանը հրապարակային հայտարարություն է կատարել՝ անելով մի շարք անհիմն, իրականության հետ կապ չունեցող պնդումներ: Ուստի, ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն որոշել է անդրադառնալ այդ գրառմանը:

Ս. Հովսեփյանը սկսել է զբաղվել մրցավարությամբ 2016 թվականից եւ ոչ թե 2017 թվականից, ինչպես ինքն է պնդում: Այս տարիների ընթացքում նա սպասարկել է հիմնականում մանկապատանեկան, սիրողական և ՀՀ Առաջին խմբի առաջնությունների խաղեր: Այս տարիների ընթացքում նա միայն մեկ անգամ, այն էլ՝ այս մրցաշրջանի ընթացքում է սպասարկել Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպում:

Ավարտված խաղաշրջանի վերջում նրա կողմից փորձեր ձեռնարկվեցին խաթարել մրցավարների բնականոն աշխատանքը և բողոքի ալիք բարձրացնել ՀՖՖ Մրցավարական Կոմիտեի և ՀՖՖ ղեկավարության դեմ: Հովսեփյանը մի քանի անգամ հրաժարվել է նշանակված խաղերից, իսկ սույն թվականի հունվարի 8-ից, երբ ՀՖՖ մրցավարները սկսել են մարզումները, Հովսեփյանը, առանց պատճառների, բոյկոտել է մարզումները եւ հրաժարվել է անցնել տարեկան պարտադիր բուժզննումը: Բնականաբար, դրանից հետո Սամվել Հովսեփյանը ՀՖՖ Մրցավարական Կոմիտեի կողմից չի ընդգրկվել արտերկրում ուսումնամարզական հավաքի մեկնող խմբի մեջ, որից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել եւ կատարել ֆեյսբուքյան գրառումը:

Նշենք նաեւ, որ վերոնշյալ հավաքին մասնակցելու են ՀՊԼ խաղերը սպասարկող պաշտոնյաները՝ 12 տղամարդ մրցավար և 14 տղամարդ մրցավարի օգնական, ինչպես նաև 2 կին մրցավար և կին մրցավարի 3 օգնական, ովքեր նաև հանդիսանում են միջազգային կարգի մրցավարներ:

Սամվել Հովսեփյանը պնդում է, որ ՀՖՖ ն չի պաշտպանում մրցավարներին: Նման պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը: ՀՖՖ-ն միշտ էլ սատարել է մրցավարներին եւ նրանք միշտ էլ եղել են ՀՖՖ պաշտպանության տակ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, իհարկե, Հայաստանում եղել են տհաճ դեպքեր, երբ տարբեր անձինք՝ հանդիսականներ, ֆաներ, մարզիչներ կամ ծնողներ, վիրավորել են մրցավարներին կամ բռնություն են կիրառել կամ փորձել են կիրառել մրցավարների նկատմամբ: Այնուամենայնիվ, դրանք սակավաթիվ դեպքեր են: Բոլոր այն դեպքերը, որոնց մասին ՀՖՖ-ն տեղեկացվել է, անհետևանք չեն մնացել, և մեղավորները կրել են իրենց համապատասխան պատժամիջոցները:

Շատ ավելի ակնառու է մրցավարների քանակի ու որակի հետ կապված առաջընթացը. 2019թվականին Հայաստանն ուներ միջազգային կարգի ընդամենը 6 տղամարդ մրցավար, այդ թվում՝ 2 գլխավոր մրցավար և մրցավարի 4 օգնական, միջազգային կարգի կին 2 մրցավար և մրցավարի 3 օգնական, իսկ այս տարի արդեն Հայաստանն ունի միջազգային կարգի տղամարդ 12 մրցավար, այդ թվում՝ 4 գլխավոր մրցավար, մրցավարի 8 օգնական և 2 VAR մրցավար, միջազգային կարգի կին 2 մրցավար և մրցավարի 3 օգնական, ինչպես նաև ֆուտզալի 1 մրցավար:

Հաշվի առնելով մրցավարական ոլորտում ՀՖՖ-ի կատարած աշխատանքները և հայ մրցավարների գրանցած աճը՝ ՈՒԵՖԱ-ն սկսել է ավելի շատ վստահել հայ մրցավարներին: Դրա վառ ապացույցն այն է, որ այս մրցաշրջանում՝ պատմության մեջ առաջին անգամ, հայկական մրցավարական անձնակազմերը ամբողջական կազմով՝ ներառյալ VAR մրցավարները, սպասարկեցին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի հանդիպումներ: Բացի վերոնշյալ հանդիպումներից մեր մրցավարներն այս մրցաշրջանում սպասարկել են նաև միջազգային տարբեր խաղեր և մրցաշարեր, որոնց թվում՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի խաղ և ՈՒԵՖԱ-ի Մ-19 առաջնության Եզրափակիչ փուլի խաղեր:

Սամվել Հովսեփյանը պնդում է, որ մրցավարների աշխատավարձը երբեք չի բարձրացել: Սա ուղղակի սուտ է: 2019 թվականին Հայաստանի բարձրագույն խմբի խաղը սպասարկող մրցավարը ստացել է 120 հազար դրամ, իսկ 1 խաղ սպասարկելու համար մրցավարական ծախսը կազմել է 390 հազար դրամ (մրցավար, մրցավարի 2 օգնական, 4-րդ պաշտոնյա, մրցավար լրացուցիչ 2 օգնականներ): Ներկայումս գլխավոր մրցավարը ստանում է մեկ խաղի համար 160 հազար դրամ, իսկ 1 խաղի սպասարկման համար մրցավարներն ընդհանուր առմամբ ստանում են 616 հազար դրամ: Բավականաչափ բարձրացել են նաեւ Առաջին լիգայի, մանկապատանեկան խաղերը սպասարկելու համար մրցավարական գումարները: Նույն Սամվել Հովսեփյանը 2024 թվականին մեկնարկած մրցաշրջանի չորս ամիսների ընթացքում սպասարկել է 60 հանդիպում (հիմնականում մանկապատանեկան և Առաջին խմբի առաջնությունների խաղեր) եւ ստացել 1,717,000 դրամ աշխատավարձ:

Սա այն ամենն է, ինչին ՀՖՖ Մրցավարական կոմիտեն ցանկանում էր անդրադառնալ՝ մրցավար Սամվել Հովսեփյանի գրառման հետ կապված: Վստահ ենք, որ այս պարզաբանումը կօգնի նաև ֆուտբոլասերներին տարբերակել ճիշտը կեղծիքից»:

Նշենք, որ մրցավար Սամվել Հովսեփյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել և դժգոհություն հայտնել ՀՖՖ ներկայիս ղեկավարության կողմից իրականացվող փոփոխություններից։