ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան,
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան,
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,
Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի տղամարդկանց ազգային հավաքական,
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան,
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան,
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան,
Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան,
Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր՝ ժամը 17:00-ին:
Ամփոփելով արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Նախարարը կարևորել է՝ նոր ձևաչափով անցկացվող մրցույթի արդյունքներով առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել որոշելու նաև լավագույն կին մարզիկին, լավագույն թիմին, լավագույն մարզչին, լավագույն երիտասարդ մարզիկին և հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկին: Նրա խոսքով՝ սա լրացուցիչ խթան է լինելու մարզաշխարհի ներկայացուցիչների համար:
«Սպորտում արդար մրցակցության սկզբունքը կարևոր է, որպեսզի պայքարն ըստ արդյունքների և ըստ մարզական արժանիքների ընթանա: Բացի դրանից, սա թույլ է տալիս արժևորել և խրախուսել կոնկրետ հատկանիշներ: Օրինակ «Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգը նաև կամային կարևոր հատկանիշներ է խրախուսում, ինչը շատ կարևոր է սպորտում: Հնարավորություն ենք ստանում նաև գործընթացն ավելի մասնակցային դարձնելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Հանձնաժողովի անդամներն ու քվեարկությանը մասնակցած լրագրողներն անդրադարձել են մրցույթի անցկացման ձևաչափին, կատարել որոշակի դիտարկումներ և առաջարկություններ:
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: