Սպորտ

«Ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ». Արտակ Գրիգորյան

Հայաստանի ազգային հավաքկանի և Երևանի «Փյունիկի» արդեն նախկին ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել է ֆեյսբուքի իր էջում, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ երկրպագուներ,

Յուրաքանչյուր լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ:

Ինչպես արդեն գիտեք, որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, որը լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով, հաջողություններով և հիասթափություններով, դժվարություններով և հաղթանակներով, մշտական պայքարով և նվաճումներով:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երկար տարիների ընթացքում ինձ մարզած բոլոր մարզիչներին՝ առաջինից մինչև վերջինը: Նրանցից յուրաքանչյուրից շատ բան եմ սովորել՝ որպես ֆուտբոլիստ և մարդ:

Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, առանց որոնց չէի ունենա իմ ձեռքբերումների նույնիսկ կեսը:
Ինչպես ակումբներում, այնպես էլ ազգաին հավաքականում խաղացել եմ շատ բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին, որոնցից շատերի հետ ձևավորվել է ընկերություն նաև խաղադաշտից դուրս:

Ազգային հավաքականում խաղալը միշտ եղել է իմ երազանքը: Ուրախ եմ, եթե կարողացել եմ ինչ-որ չափով նպաստել մեր թիմի հաղթանակներին: Ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալն ամենայուրահատուկ զգացողությունն է, որ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կյանքում:

Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Ամբողջ կարիերայիս ընթացքում և մինչև վերջ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և ջերմությունը:
Հուսով եմ ու նաև վստահ, որ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ:

Ուրախ կլինեմ հետագայում ևս նպաստելու մեր ֆուտբոլի զարգացմանը:

Կհանդիպենք»:

Ձեր Արտակ Գրիգորյան