Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Պարի Սեն Ժերմենի» բողոքարկումը թիմի նախկին ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին չվճարված աշխատավարձի և բոնուսների գործով որոշման դեմ: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան պարտավորեցրել է ՊՍԺ-ին 55 մլն եվրո վճարել ֆուտբոլիստին: Ակումբը բողոքարկել էր այդ որոշումը:
Մբապեն դիմել է ԼՖՊ-ին և եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) ՊՍԺ-ի հետ հին պայմանագրով իրեն 55 մլն եվրո չվճարելու գործով: Ինչպես հաղորդում Է «Լը Մոնդ»-ը, եթե ՊՍԺ-ն մեղավոր ճանաչվի, ԼՖՊ-ն լիազորություն ունի արգելելու ակումբի տրանսֆերները և նրան զրկելու ՈՒԵՖԱ-ի արտոնագրից, ինչը կհանգեցնի Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն:
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է եկել 2018-2024 թվականներին: Հունիսի 3-ին 25-ամյա հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալի» հետ: