Սպորտ

Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել է երկու գլխավոր մարզչի

Իտալական «Պյաչենցա» ֆուտբոլային ակումբը մեկ օրում աշխատանքից ազատել է երկու մարզիչների։ Թիմի ղեկավարությունը մեկ օր առաջ հայտարարել էր, որ մարզական տնօրեն Ալեսիո Սեստուն և գլխավոր մարզիչ Կարմինե Պարլատոն լքում են իրենց պաշտոնները։ Վերջինիս փոխարինել էր Սիմոնե Բենտիվոլիոն, ով իր նոր պաշտոնում մեկ օրից ավելի չէր դիմացել։

«Մենք երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը Սիմոնե Բենտիվոլիոյի հետ։ Այսուհետ թիմը կգլխավորի Ստեֆանո Ռոսինին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Մասնագետի հետ պայմանագիրը խզելու պատճառ է դարձել երկրպագուների դժգոհությունը, որոնք հայտարարել են, որ կբոյկոտեն հանդիպումները, եթե Բենտիվոլիոն շարունակի զբաղեցնել այս պաշտոնը։ Երկրպագուները մասնագետին հիշեցրել են 2011 թվականին ֆիքսված հանդիպումների հետ կապված սկանդալը։ Իտալացի մարզիչն ընդունել էր իր մեղքը և որակազրկվել 13 ամսով։ Ակումբի ղեկավարությունը նույն օրը պաշտոնանկ է արել նշանակված մարզչին։

Իտալիայի առաջնության D սերիայի 12-րդ տուրից հետո «Պյաչենցան» 14 միավորով 11-րդ տեղում է: