Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի կրճատել Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնությունը, ապա իրենք, հավանաբար, կպարտվեն պատերազմում:
«Եթե նրանք կրճատեն, կարծում եմ, որ կպարտվենք։ Իհարկե, ամեն դեպքում կշարունակենք պայքարել։ Մենք ունենք սեփական արտադրություն, բայց դա բավարար չէ առավելություն ունենալու համար։ Ես կարծում եմ՝ դա բավարար չէ գոյատևելու համար։ Բայց, եթե այդպիսին լինի ԱՄՆ-ի ընտրությունը, ապա մենք կորոշենք՝ ինչ պետք է անենք»,- ասել է Զելենսկին:
Հարցին, թե հավատում է, որ Թրամփը կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Պուտինի վրա և դադարեցնել պատերազմը, Զելենսկին դրական պատասխան է տվել. «Դա հեշտ չի լինի, բայց եթե կիրառենք բոլոր [լծակները], որոնք ունի ԱՄՆ-ն, ապա, այո, նա կարող է։ Նա շատ ավելի ուժեղ է, քան Պուտինը։ ԱՄՆ-ն ավելի ուժեղ է. նրանց տնտեսությունն ավելի ուժեղ է»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։