Միջազգային

Նեթանյահուն հրամայել է «անհապաղ երկու ինքնաթիռ ուղարկել» Նիդերլանդներ երկրպագուներին օգնության

Իսրայելցի երկրպագուները, որոնք Ամստերդամ են ժամանել «Մաքաբի Թել Ավիվ» և «Այաքս» ֆուտբոլային ակումբների միջև խաղին մասնակցելու համար, հարձակման են ենթարկվել քաղաքի մի քանի կետերում: Այս մասին գրում է Ynet-ը։

Ynet-ը պնդում է, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են տասնյակ ցուցարարներ, ոմանք դիմակավորված և, պաղեստինյան դրոշներով, հարվածում և ծեծում են իսրայելցի երկրպագուներին: Դիմակավորված անձինք փորձել են ներխուժել նաև հյուրանոցներ։ Հաղորդվում է, որ մոտ 30 մարդ ձերբակալվել է, իսկ տեղական իշխանությունները հայտնել են տասնյակ վիրավորների մասին:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննարկել են Ամստերդամում տեղի ունեցած իրադարձությունները: Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Նեթանյահուն հրամայել է «անհապաղ երկու փրկարարական ինքնաթիռ ուղարկել Իսրայելի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար»: Ազգային անվտանգության խորհուրդը Ամստերդամում իսրայելցիներին խորհուրդ է տվել խուսափել փողոց դուրս գալուց և չօգտագործել իսրայելական սիմվոլիկան:

«Վարչապետը շատ լուրջ է վերաբերվում այս սարսափելի միջադեպին և պահանջում է, որ Նիդեռլանդների կառավարությունը և Նիդեռլանդների անվտանգության ուժերը վճռականորեն և արագ գործեն անկարգությունների մասնակիցների դեմ և ապահովեն մեր քաղաքացիների անվտանգությունը», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: