Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:
Երեկ ուշ գիշեր շարժման անդամները ժամանել են ՀՖՖ գրասենյակի մոտ, պահանջել հադիպում Մելիքբեկյանի հետ: ՀՖՖ նախագահի հետ հանդիպումը չի կայացել, ինչից հետո ՖԱՖ-ը տեսանյութ է հրապարակել՝ պահանջելով ֆեդերացիայի նախագահի հրաժարականը:
«Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանին, ցանկացել ենք, որ դրական փոփոխություններ լինեն մեր ֆուտբոլում: Բայց, ցավոք, այդ փոփոխությունները մենք չենք տեսել: Մեր դիրքորոշումը եղել է այն, որ ֆեդերացիային պետք է ժամանակ տալ: Սակայն հասել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը չի գալիս մեզ հետ հանդիպման, և սա առաջին դեպքը չի: Այս պարագայում մենք այն կարծիքին ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,- հայտարարել են երկրպագուները:
Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի հերթական տուրի շրջանակում մրցել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքկանի հետ և 2-0 հաշվով պարտություն կրել՝ զրկվելով C դիվիզիոնի չորրորդ խմբում առաջին տեղ գրավելու շանսերից։