Տեսակետ

Պետք է մարզչի, մարզչական շտաբի աշխատանքի համակարգային գնահատական. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պետրակովն այլևւս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Ֆեդերացիան է որոշել այդպես՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում տնային պարտությունից հետո:
Ընդ որում, որոշումը հայտարարվել է խաղից գրեթե անմիջապես հետո, կարծես թե նույնիսկ Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսին զուգահեռ:

Ըստ ամենայնի, ֆեդերացիայի որոշումը առավելապես պայմանավորված է եղել ընդամենը երկրպագուների դժգոհության սլաքը իր վրայից հանելու մտայնությամբ: Որովհետեւ, համենայն դեպս խաղի ընթացքի առումով պատկերն այնպիսին չէր, որ հավաքականը ձախողել էր խաղը, ամոթալի, անպատբավեր ֆուտբոլ էր խաղացել և դրա համար անմիջապես պետք էր հեռացնել մարզչին: Ավելին, մինչեւ գոլ բաց թողնելը հավաքականն ուներ գոլ խփելու ավելի շատ հնարավորություն և մեկն օգտագործելու դեպքում կարող էր լինել այլ պատկեր:

Բայց այլ պատկեր լինելու դեպքում դա կնշանակե՞ր, որ ամեն ինչ հաջող է: Իհարկե, ոչ: Հետևաբար, պետք է մարզչի, մարզչական շտաբի աշխատանքի համակարգային գնահատական:

Բայց, այդ դեպքում գուցե իրավիճակը հասնի նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի աշխատանքի որակին: Այդ պատճառով էլ խաղից անմիջապես հետո կայացվել է մարզչին հեռացնելու որոշում՝ երկրպագուների «գոլորշին բաց թողնելու» նպատակով:

Հետեւաբար, երկրպագուներն էլ, և, առավել եւս ֆուտբոլային մասնագիտական հանրությունը, չպետք է «բաց թողնեն» իրավիճակը և հարցը պահեն համակարգային պահանջների տիրույթում, որպեսզի հավաքականների գլխավոր մարզիչները չդառնան ֆեդերացիաների ղեկավարների քավության նոխազներ:

Ընդգծեմ, հարցն այն չէ, որ Պետրակովն «ինչ աներ»: Ես բացարձակ համաձայն չեմ այդ շեշտադրմանը, թե այս հավաքականով ավելին հնարավոր չէ: Մարզչի խնդիրը հենց առավելագույն արդյունքի հասնելն է և պնդել, թե սա՞ է հավաքականի այս կազմի առավելագույնը, կարծում եմ՝ հիմնավոր չէ:

Բայց շատ կարևոր է, որ հարցերը դրվեն և չափվեն համակարգային, ընդգրկուն շրջանակով, որովհետեւ մարզչի հարցում որոշումների էֆեկտիվությունը կախված է լինելու հենց այդ հարցադրումների որակից»: