Անդրես Ինյեստան պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Այս րոպեներին Բարսելոնայում տեղի է ունենում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուն նվիրված միջոցառումը:
«Ես երբեք չեմ մտածել, որ այս օրը կգա․ երբեք չէի կարող պատկերացնել: Վերջին օրերին թափված այս բոլոր արցունքները հույզերի, հպարտության արցունքներ են: Սրանք տխրության արցունքներ չեն:
Սրանք այն տղայի արցունքներն են, որը ֆուտբոլիստ դառնալու երազանք ուներ և դրան հասավ աշխատանքի, անձնազոհության և երբեք չհանձնվելու շնորհիվ: Սրանք իմ կյանքի գլխավոր արժեքներն են։ Ես շատ հպարտ եմ այս ուղով և բոլոր այն մարդկանցով, ովքեր ուղեկցում էին ինձ:
Ես շատ ուրախ եմ, որ իրականացրեցի իմ երազանքը։ Իմ մարզական կարիերան նման էր հեքիաթի, քանի որ ես զգացել եմ լավագույնը պրոֆեսիոնալ մակարդակում:
Ամեն ինչ սկսվեց իմ հայրենի քաղաքում՝ խաղալով դպրոցում և Ալբասետե ճամփորդությունների ժամանակ: Այնտեղ ես արեցի իմ առաջին քայլերը։ Ես շատ ուրախ եմ հիշում այդ փուլը։ Հիշում եմ, երբ դիտում էի Ալբայի խաղը բարձրագույն լիգայում: Չնայած ես երբեք պրոֆեսիոնալ մակարդակով չեմ խաղացել «Ալբասետեում», բայց միշտ ունեցել եմ երկու սիրելի թիմեր՝ «Ալբասետե» և «Բարսա»: Իմ հողն իմ սրտում է»,- ասել է Ինյեստան։
Կարիերայի ընթացքում Ինյեստան հանդես է եկել «Բարսելոնայում», «Վիսել Կոբեում» և «Էմիրեյթսում»: Կատալոնական ակումբի կազմում կիսապաշտպանը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 9 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և 6 անգամ՝ երկրի գավաթակիր:
Իսպանիայի հավաքականի հետ Ինյեստան հաղթել է 2010 թվականի աշխարհի առաջնությունում և 2008 և 2012 թվականներին դարձել Եվրոպայի չեմպիոն: