Սպորտ

Անդրես Ինյեստան ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 40-ամյա նախկին կիսապաշտպանը կարիերան ավարտելու մասին պաշտոնապես կհայտարարի հոկտեմբերի 8-ին: Ինյեստան ակումբային կարիերայի մեծ մասը հանդես էր գալիս 8 համարի մարզաշապիկով:

Իր սոցիալական ցանցերում Ինյեստան հայտարարությունը ներկայացրել է հուշող տեսանյութով, որում նկարիչը պատին նկարում է ֆուտբոլիստի դիմանկարը՝ «Բարսելոնայի» մարզաշապիկով, որի շրջված 8 համարն անվերջության նշան է հիշեցնում, և մակագրություն՝ «2024 թվականի հոկտեմբերի 8-ին»:

Կարիերայի ընթացքում Ինյեստան հանդես է եկել «Բարսելոնայում», «Վիսել Կոբեում» և «Էմիրեյթսում»: Կատալոնական ակումբի կազմում կիսապաշտպանը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 9 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և 6 անգամ՝ երկրի գավաթակիր: Իսպանիայի հավաքականի հետ Ինյեստան հաղթել է 2010 թվականի աշխարհի առաջնությունում և 2008 և 2012 թվականներին դարձել Եվրոպայի չեմպիոն։