Վոյչեխ Շչենսնին կարող է Չեմպիոնների լիգայի մրցաշարում խաղալ «Բարսելոնայի» կազմում:
34-ամյա լեհը, որը նախկինում հանդես էր գալիս «Յուվենտուսում», համաձայնվել է վերսկսել կարիերան և տեղափոխվել կատալոնական ակումբ: Նա «Բարսայի» հետ մեկ տարվա պայմանագիր կկնքի ազատ գործակալի կարգավիճակով կփոխարինի վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որը 7-9 ամիս է՝ դուրս է մնացել շարքից: Վոյչեխի աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո՝ հարկերը չհաշված։
Ինչպես հաղորդում է «Մարկա»-ն՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի կանոնակարգին, «Բարսելոնան» կկարողանա Շչենսնիին ընդգրկել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում՝ չնայած նրան, որ այն ներկայացնելու ժամկետը վաղուց անցել է, և հիմնական մրցաշարն արդեն մեկնարկել է:
Բանն այն է, որ կապտանռնագույնները Ա ցուցակում ընդգրկել են միայն երկու դարպասապահի՝ տեր Շտեգենին և Ինյակի Պենյային, իսկ Բ ցուցակում ընդգրկվել են ակումբի երկու սան՝ Անդեր Աստրալագան և Դիեգո Կոչենը:
Կանոնների համաձայն՝ եթե հիմնական ցուցակի երեք դարպասապահներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել կամ երկար ժամանակ (ավելի քան 30 օր) դուրս մնացել հիվանդության պատճառով, ակումբն իրավունք ունի ժամանակավորապես, մրցաշրջանի ցանկացած պահի, հայտացուցակում ընդգրկել մեկ այլ դարպասապահ: Նույնը վերաբերում է նաև այն իրավիճակին, երբ ցուցակում գտնվող երկու դարպասապահներից մեկը երկար ժամանակով դուրս է մնում շարքից:
Ընդ որում, եթե տեր Շտեգենը վերականգնվի նախատեսվածից արագ, նա կարող է ցանկացած պահի վերադառնալ հայտացուցակ: Այդ մասին ՈւԵՖԱ-ին պետք է տեղեկացնել խաղից 24 ժամ առաջ։