Սպորտ

Վարանն ավարտում է կարիերան

Ռաֆայել Վարանը հեռանում է ֆուտբոլից:

31-ամյա պաշտպանը որոշում է կայացրել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Հաղորդվում է, որ դա կարող է կապված լինել մի շարք վնասվածքների հետ, որոնք ֆրանսիացին ստացել է վերջին շրջանում:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լանսի», «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Կոմո»: Նա իր նոր թիմի կազմում նորամուտը նշեց «Սամպդորիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղում (1:1, 3:4՝ 11 մետրանոցներով), սակայն ազդրի վնասվածքի պատճառով փոխարինվեց հանդիպման 23-րդ րոպեին:

«Ռեալի» կազմում Վարանը 3 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում և Եվրոպայի Սուպերգավաթում, 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև մեկ անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ռաֆայելը նվաճեց Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը:

Որպես Ֆրանսիայի հավաքականի խաղացող՝ պաշտպանը հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում և 2021 թվականի Ազգերի լիգայում: