Սպորտ

ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանն աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

«Սմբատ Լպուտյանը հայ գրոսմայստեր է, որի առաջնորդությամբ շախմատը որպես առարկա ներդրվել է Հայաստանի դպրոցներում: Երկար տարիներ նա ղեկավարել է ՖԻԴԵ-ի Կրթական հանձնաժողովը՝ ամբողջ աշխարհում խթանելով շախմատային կրթության զարգացմումը: Այժմ ավելի քան 25 մլն երեխա մասնակցում է շախմատի կրթական ծրագրին, և ՖԻԴԵ-ն առաջիկա տարիներին մտադիր է այդ թիվը կրկնապատկել»,- ասվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Պարգևատրումներն իրականացվել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում:

Մրցանակները ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Օլիմպիադայի եռակի հաղթող (2006թ, 2008 թ., 2012 թ.), Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնությունների ոսկե մեդալակիր (1999թ, 2011 թ.):