Սպորտ

Տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել:

Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի թիմից հաղթանակներ են տարել Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649), Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) և Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։

Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Գաբրիել Սարգսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Էլինա Դանիելյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը՝ 184 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։