Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի 2026թ.առաջնությունում իր հանդես գալու հավանականությունը․
«Կողքից յուրաքանչյուրին կարող է թվալ, որ հավաքականում ես պատրաստ եմ պահեստային լինել։ Բայց քանի դեռ ես ունակ կլինեմ ֆուտբոլ խաղալ, միևնույն է, ինձ կհամարեմ մեկնարկային կազմի խաղացող։ Ընդ որում, ես միշտ հարգում եմ այն որոշումները, որոնք կայացնում են ոչ միայն մարզիչը, այլև այն ակումբները, որոնց կազմում ես խաղացել եմ։ Ամեն տեղ չէ, որ ինձ լավ են վերաբերվել, բայց մարզչական որոշումների նկատմամբ հատուկ հարգանք ունեմ։
Այս պահին ես զգում եմ, որ ազգային հավաքականի բաղկացուցիչ մասն եմ, և մարզիչն էլ ինձ նույնն է ասել։ Իսկ երբ զգամ, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, առաջինը կասեմ այդ մասին։
Լավ եմ զգում, բայց չեմ կարող պատասխանել «2026»-ի մասին հարցին: Ես ապրում եմ պայծառ, հիմա ամեն ինչ շատ դրական է ստացվում: Մենք կփորձենք հաջողության հասնել Ազգերի լիգայում։ Իսկ 2026 թվականին դեռ շատ կա», - Կրիշտիանուի խոսքը մեջբերում է A Bola-ն։