Սպորտ

Պատմական հաղթանակ․ «Նոան» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ռուժոմբերոկ»-«Նոա» պատասխան հանդիպումն անցավ չափազանց դրամատիկ և լարված պայքարում։ Թիմերի միջև Հայաստանում կայացած խաղում 3։0 հաշվով հաղթել էր «Նոան» և, թվում էր, մրցակցի հարկի տակ մեծ դժվարությունների չի բախվի, սակայն հանդիպման սցենարն այլ էր։ 

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց մրցակցի ֆուտբոլիստ Լուտերանը, իսկ առաջին կեսի ավարտին Հլադիկը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Ընդմիջումից հետո՝ 70-րդ րոպեին, «Նոայի» ֆուտբոլիստ Պաբլոն կոպիտ խախտում թույլ տվեց՝ երկրորդ դեղին քարտով հեռացվելով խաղադաշտից, մրցավարն էլ նշանակեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Բոդան՝ հաշիվը դարձնելով 3։0։

Հանդիպման մնացած ժամանակահատվածը հայկական թիմը պետք է խաղար 10 հոգով, թվում էր, որ խաղը լավագույն դեպքում կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն տեղի ունեցավ այն, ինչին ամենաշատն սպասում էին հայ երկրպագուները։ Փոխարինման մտած Մատեուս Այասը գրավեց սլովակների թիմի դարպասը՝ ընդհանուր հաշվով առաջ մղելով «Նոային»։ 

Հանդիպման վերջին վայրկյաններն անցան լարված պայքարում, սակայն, բարեբախտաբար, դաշտի տերերը չկարողացան հետ բերել կորցրածը։ «Նոան» պատմական հաղթանակ տոնեց և հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։