Խավի Ալոնսոն «Բայերին» չեմպիոնության հավակնորդ չի համարում։
Իսպանացի մասնագետը պատասխանել է այն հարցին, թե, ըստ փորձագետների, Լևերկուզենի ակումբը ֆավորիտ է այս մրցաշրջանում տիտղոսի համար:
«Ինձ համար նշանակություն չունի այն, ինչ ասում են փորձագետները։ Մենք ֆավորիտներ չենք․ ֆավորիտը դեռ «Բավարիան» է։
Մենք ցանկանում ենք լավ խաղալ և լավ սկսել մրցաշրջանը։ Մեր խնդիրը լավ տրամադրությունն է, լավ գաղափարներն ու լավ մտածողությունը: Տեսնենք, թե դա ուր կտանի։
Մեր նպատակն է մնալ առաջին քառյակում․ դա իրատեսական է։ Մենք լավ կազմ ունենք և պետք է խաղից խաղ առաջ շարժվենք», - ասել է «Բայերի» գլխավոր մարզիչ Խավի Ալոնսոն:
Նախորդ մրցաշրջանում «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ «Շտուտգարտից» առաջ անցնելով 17, «Բավարիայից»՝ 18 միավորով: