Սպորտ

««Փյունիկի» արձագանքից հետո կտեղեկացնենք մեր վերջնական որոշման վերաբերյալ». ՀՖՖ

ՀՖՖ-ն «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում ստուգայց էր իրականացրել։ Ըստ ՀՖՖ-ի օգոստոսի 14-ին տարածած հաղորդագրության՝ «Փյունիկ ՖԱ-ն» դիմել է ՀՖՖ-ին՝ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում 2024/2025 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի և գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման հնարավորության համար։ Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ՀՖՖ համապատասխան ներկայացուցիչների ստուգայցը, որի հիման վրա կազմվել է մարզադաշտի ստուգման հաշվետվություն։ Հաշվետվությունն ու եզրակացությունն ուղարկվել են «Փյունիկ ՖԱ-ին»։

Քանի որ հաղորդագրության մեջ եզրակացության վերաբերյալ մանրամասներ չկային, Radar Armenia-ն գրավոր հարցմամբ դիմեց ՀՖՖ՝ ուղղելով մի քանի հարց։

  • Ի՞նչ եզրակացության են եկել համապատասխան մասնագետները։ Դրանք կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ լուծվող խնդիրներ են։ Ինչքա՞ն գումար կպահանջվի արձանագրվածները լուծելու համար՝ ըստ նախնական գնահատականների։
  • Անկախ մասնագիտացված մարմնի կողմից «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի սեյսմիկ անվտանգության ու կայունության տեսչական ստուգման և եզրակացության ներկայացումը ո՞վ պետք է իրականացնի և ի՞նչ ժամկետներում։
  • ՀՖՖ-ն ինչո՞վ է պատրաստվում օգնել «Փյունիկին» այս պրոցեսում՝ թե մասնագիտական, թե նյութական առումով, քանի որ «Հրազդան» մարզադաշտը հանրապետության խորհրդանիշներից է և տևական ժամանակ անգործության է մատնված։

Ի պատասխան մեր կողմից ուղարկված հարցերի՝ ՀՖՖ-ի հաղորդակցության բաժնից պատասխանել են, որ «Հրազդան» մարզադաշտի հետ կապված հիմնական տեղեկատվությունը հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական կայքում․

«Դրանից բացի, մենք մեր մասնագետների եզրակացությունը մանրամասնորեն ներկայացրել ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին: Փյունիկի արձագանքից հետո մենք կտեղեկացնենք հանրությանը ինչպես հետագա անելիքների, այնպես էլ մեր վերջնական որոշման վերաբերյալ»։

Հայկ Մագոյան