Սպորտ

ՀՖՖ-ն կարևորել է անկախ մասնագիտացված մարմնի կողմից «Հրազդանի» սեյսմիկ անվտանգության եզրակացությունը

«Փյունիկ ՖԱ-ն» դիմել է ՀՖՖ-ին «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում 2024/2025 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր Լիգայի և գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման հնարավորության համար։

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ՀՖՖ համապատասխան ներկայացուցիչների ստուգայցը, որի հիման վրա կազմվել է մարզադաշտի ստուգման հաշվետվություն։ Հաշվետվությունն ու եզրակացությունն ուղարկվել են «Փյունիկ ՖԱ-ին»։

ՀՖՖ-ի համար առանձնահատուկ կարևորություն ունի երկրպագուների անվտանգության հարցը և ակումբին ներկայացված վերջնական եզրակացության մեջ ընդգծվել է անկախ մասնագիտացված մարմնի կողմից «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի սեյսմիկ անվտանգության ու կայունության տեսչական ստուգման և եզրակացության ներկայացման կարևորությունը:

Վերոնշյալ կետն ապահովելու դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն մարզադաշտի շահագործման մյուս հարցերում, որոնք բխում են ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգի պահանջներից, ինչպես նաև անցկացնել ստուգայց իրականացված աշխատանքները գնահատելու և «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը շահագործելու վերջնական հավաստագիր տրամադրելու համար։