Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին կատարած մեծ ծավալի աշխատանքի համար
«Հակոբ Սերոբյան. մարդ, որի շնորհիվ մի ծաղկով գարուն եկավ մեր մարզաձևում, որի շնորհիվ մարմնամարզությունը վերածնունդ ապրեց երկրում։ Սիրելի՛ մարզիչ, սիրելի՛ ընկ․ Հակոբ, Դուք արեցիք սա լուռ՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, գնացիք Ձեր նպատակի հետևից, երբեք որևէ մեկին ցույց չտվեցիք, թե որքան դժվար է եղել Ձեզ համար, քանի որ երկար տարիներ բազմաթիվ խնդիրներ, որոնց ընդհարվել եք, կարողացել եք հարթել անաղմուկ, և նպատակները, որ դրել եք Ձեր առջև, Ձեզնից բացի որևէ մեկը չի հավատացել դրանց իրականացմանը։
Անհնար էր հավատալ, որ մեր մարզաձևի համար կգան այնպիսի օրեր, երբ նվաճված օլիմպիական արծաթե մեդալը մի պահ կտխրեցնի մեզ, մի պահ մենք բոլորս՝ աշխարհի ողջ հայությունը, մի ակնթարթ հիասթափության զգացում կունենանք, և դա վկայությունն է նրա, որ երբեմնի հայկական փառավոր մարմնամարզությունը վերածնունդ է ապրում. վերածնունդ է ապրում Ձեր շնորհիվ, և այո՛, կարևոր մեկ մարդը Դուք եք եղել, որ հավատացել եք այս ամենի իրագործմանը։
Ընկեր Հակոբ, ես գիտեմ՝ ինչ հավատով եք ապրում առ Աստված, և Դուք ունեիք հզոր առաքելություն՝ շենացնել մեր մարզաձևը և հետ բերել հայկական մարմնամարզության երբեմնի փառքը, և Դուք դա արեցիք։ Վստահ եմ՝ Ձեր առաջնորդությամբ դեռ փառավոր հաղթանակներ ենք տոնելու»,- գրել է Վանոյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք` մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում, իսկ Վահագն Դավթյանը օլիմպիական մրցաշարի օղակների վարժության եզրափակիչում գրավել է 6-րդ տեղը։
Նշենք, որ մարզիկները Հայաստան կժամանեն վաղը՝ ժամը 21:30-ին։