Փարիզում մեկնարկել է Նովակ Ջոկովիչի և Ռաֆայել Նադալի 60-րդ դիմակայությունը: Առայժմ վիճակագրությունը հօգուտ սերբի է. Ջոկովիչը հաղթել է դիմակայություններից 30-ում, Նադալի՝ 29-ում։
Թենիսի լեգենդներն առաջին անգամ կորտում հանդիպել են 2006 թվականին, երբ սերբը 19 տարեկան էր, իսկ իսպանացին՝ 20: Այժմ նրանք համապատասխանաբար 38 և 37 տարեկան են։
«Նովակի դեմ խաղալը միշտ էլ հատուկ նշանակություն ունի, անկասկած: Բայց սովորաբար մենք խաղում էինք եզրափակիչների կամ կիսաեզրափակիչների համար: Սա երկրորդ փուլում է։ Իհարկե, այժմ գործ ունենք Օլիմպիական խաղերի հետ, որտեղ յուրաքանչյուր հանդիպում գերնշանակալից է: Ինձ համար ավելի դժվար և անկանխատեսելի է այս հանդիպումը: Բայց ես միշտ հավատում եմ, և այս անգամ էլ պատրաստ եմ առավելագույն ջանքեր ներդնել»,- ասել է Նադալը։
Նադալը կիրակի օրը չի մասնակցել մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը և հանգիստ է վերցրել։
Նշենք, որ Ջոկովիչի հետ հանդիպումից առաջ Նադալը հանգստի պակաս հնարավորություն է ունեցել, քանի որ մասնակցել է Օլիմպիադայի բացման արարողությանը՝ Սենայի վրայով տանելով օլիմպիական կրակը։
Հատկանշական է, որ Նադալը Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի 14 տիտղոս է նվաճել և ունի իր սեփական արձանը հենց Ռոլան Գարոսի գլխավոր մուտքի դարպասի ներսում, որտեղ մեկնարկել է հանդիպումը։
Ջոկովիչը 3 անգամ է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում և եղել է 21-րդ դարի երկրորդ լավագույնը գրունտի վրա։ Նա այսօրվա խաղի հիմնական ֆավորիտ է:
«Մենք մի քանի խաղային «հրավառություն» կկազմակերպենք կորտում, ինչպես նախկինում: Սա, հավանաբար, կլինի վերջին պարը երկուսիս համար»,- շաբաթ օրը հայտարարել էր Ջոկովիչը։
Նադալն իր հերթին է արձագանքել սերբ թենիսիստին. «Ո՞վ է ասում, որ դա վերջին պարն է»: