«Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է նոր տնային մարզադաշտ կառուցելու մասին:
Sky Sports-ի տեղեկություններով՝ «Օլդ Թրաֆորդի» վերանորոգման աշխատանքային խումբը նոր մարզադաշտի կառուցումն ավելի շահավետ է համարում, քան գոյություն ունեցող մարզադաշտի վերակառուցումը: Առաջարկվել է 100 000 տեղանոց մարզադաշտի կառուցում. նախագծի իրականացման դեպքում «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզադաշտը կդառնա ամենամեծը Մեծ Բրիտանիայում:
Հաղորդվում է, որ «ՄՅՈւ» - ն մի քանի հանդիպումներ է անցկացրել նախագծի իրագործելիության վերաբերյալ. նոր մարզադաշտը առաջարկվում է կառուցել ակումբին պատկանող «Օլդ Թրաֆորդի» հարևանությամբ գտնվող հատվածում: Ակումբը ներկայումս ուսումնասիրում է մարզադաշտերի վերակառուցման մի քանի հաջողված նախագծեր, այդ թվում՝ «Սանտիագո Բեռնաբեուն», «Սոու-Ֆայ Ստեդիումը» Լոս Անջելեսում, ինչպես նաև «Ուեմբլին» և «Տոտենհեմ Հոտսպուր Ստեդիումը»:
Բացի այդ, աշխատանքային խումբը քննարկում է նախագծի ֆինանսավորման հարցը. Նախատեսվում է ուսումնասիրել պոտենցիալ մասնավոր ներդրողների լայն շրջանակ: Ակնկալվում է, որ ամբողջական առաջարկությունը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
BBC,-ի տվյալներով՝ նոր մարզադաշտի շինարարությունը գնահատվում է ավելի քան 2 մլրդ ֆունտ: «Օլդ Թրաֆորդի» վերակառուցումն իր հերթին կարժենա մոտ 1,2 մլրդ ֆունտ և ավելի երկար ժամանակ կպահանջի: