Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ հատուկ ծառայությունները հայտնաբերել են մարդկանց, ովքեր կարող էին դիվերսիա իրականացնել 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը (SNCF) հայտնել էր, որ «զանգվածային հարձակման» է ենթարկվել հինգշաբթի՝ հուլիսի 25-ի լույս ուրբաթ՝ հուլիսի 26-ի գիշերը:
Հարձակման հետևանքով մասամբ «պայթեցվել» է արագընթաց գնացքների երկաթուղային ցանցը, որը կաթվածահար է արել մի քանի ճյուղերի երթևեկությունը:
«Հատուկ ծառայությունները հայտնաբերել են որոշակի թվով անձանց, ովքեր կարող էին դիվերսիա կատարել։ Սա ուլտրաձախերի ավանդական գործելաոճն է, որոնց հեղինակները կարող էին մոտ լինել այս շարժմանը: Մենք պետք է զգույշ լինենք։ Հարցն այն է, թե արդյոք նրանց մանիպուլացրե՞լ են, թե՞ նրանք դա արել են իրենց սեփական շահի համար»,- Դարմանինի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։