Սպորտ

Սա ամենամեծ կրկեսն է. Մասկերանո՝ Արգենտինա-Մարոկկո խաղի մասին

Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի Մարոկկոյի հետ սկանդալային հանդիպումը (1:2):

«Սա ամենամեծ կրկեսն է, որը ես տեսել եմ իմ կյանքում»,- Մասկերանոյի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Մեդինայի՝ hանդիպման 90+16-րդ րոպեին խփած գոլից հետո, որի շնորհիվ հանդիպման հաշիվը հավասարվել է, գոլը տոնելու ժամանակ հարավամերիկյան թիմի ֆուտբոլիստների վրա ճայթուկներ են բաց թողել: Բացի այդ, խաղադաշտ են դուրս եկել Մարոկկոյի հավաքականի երկրպագուները։ Խաղը դադարեցվել է անկարգությունների պատճառով: Խաղի վերսկսումից հետո երկու ժամ անց VAR համակարգի միջոցով ստուգվել է խփած գոլը, և գնդակը չեղարկվել է: