ՈՒԵՖԱ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» մրցեց էստոնական «Կալևի» հետ: Հանդիպումն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով` 2-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։
Առաջին րոպեներից «Ուրարտուն» վստահ սկսեց խաղը և արդեն 12-րդ րոպեյին Արման Ղազարյանի երկար փոխանցումից հետո գնդակին տիրեց Էդգար Մովսեսյանը, որն էլ փոխանցեց Միքայել Միրզոյանին և նա էլ դարձավ առաջին գոլի հեղինակը։
Գոլից հետո «Ուրարտուն» շարունակեց տիրել նախաձեռնությանը և մինչև խաղակեսի ավարտ ուներ հաշիվը կրկնապատկելու մի քանի հիանալի հնարավորություն։ Մրցակիցը ևս ուներ մեկ-երկու հնարավորություն, բայց հայկական թիմի երիտասարդ դարպասապահ Հայկ Ղազարյանի հիանալի խաղի շնորհիվ դարպասը մնաց անառիկ։
Երկրորդ խաղակեսը ևս սկսվեց «Ուրարտուի» բացահայտ առավելությամբ և49-րդ րոպեին թիմի կիսապաշտպան Միքայել Միրզոյանն Իվան Իգնատևի փոխանցումից հետո կրկնապատկեց թիմի առավելությունը՝ իր հաշվին գրանցելով դուբլ։
Մինչև հանդիպման ավարտը տղաները գրագետ խաղի շնորհիվ կարողացան պահել հաշիվը՝ նույնիսկ ստեղծելով գոլային պահեր։ Այսպիսով՝ «Ուրարտուն» 20 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրագավաթների խաղարկության երկրորդ փուլ։
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում մրցակիցը կլինի Չեխիան ներկայացնող «Բանիկ» թիմը։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Օստրավայում՝ հուլիսի 25-ին։