Սպորտ

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ

Հուլիսի 17-ին Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Այն տեղի է ունեցել Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում։

Էլմիրա Կարապետյանը, որպես 2027թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, Օլիմպիական կրակն ընդունել է Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոյիստ Արնոլդ Կիսոկայից։

Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, Ֆրանկոֆոն երկրների Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Լուիզետ Ռենե Տոբին, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վերոհիշյալ պալատում տեղակայված Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնի տնօրինությունը, բազմաթիվ ֆրանսիացիներ։

Արարողության շրջանակներում Ֆրանսիայի սպորտային տարբեր ֆեդերացիաների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև շքերթ, որին հաջորդել է «Օլիմպիական խաղերը և Ֆրանկոֆոնիան» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսի բացումը։

Արարողության եզրափակիչ ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է պահի պատմականությունը, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանը ներկայացնող մարզիկը մասնակցում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Նա շեշտել է՝ պատահական չէ, որ պատմական այդ պահը տեղի է ունենում հենց Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանակներում, ֆրանսերեն լեզվի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Վիլիե-Կոտրե պալատում, ինչը հերթական անգամ փաստում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների առանձնահատուկ և դարավոր բարեկամությունը։

Դեսպանը նշել է նաև, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ խաղերը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը կրակի փոխանցումավազքին խորհրդանշում է նաև Ֆրանկոֆոնիային և ֆրանկոֆոն արժեքներին Հայաստանի նվիրվածության ճանաչումը և ընդգծել որ 2018թ․ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո 2027թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը լինելու են երկրորդ ամենամեծ միջազգային իրադարձությունը, որ Հայաստանը երբևէ հյուրընկալել է։

Եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան։

Վիլիե-Կոտրե քաղաքը Ֆրանսիայի բացառիկ պատմություն ունեցող քաղաքներից է։ Վիլիե-Կոտրե պալատում է 1539թ․ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա 1-ինը ստորագրել հրամանագիր, որով իրավական բոլոր ակտերում ֆրանսերենի գործածությունը դարձել է պարտադիր։ Բացի այդ, այս քաղաքում է ծնվել նաև ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Դյուման։

2018-2022թթ․ ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անմիջական նախաձեռնությամբ, Վիլիե-Կոտրե պալատը վերանորոգվել և բարեկարգվել է, այնտեղ է տեղակայվել Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնը։ Հոկտեմբերի 4-5-ը Վիլիե-Կոտրե պալատում է տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։