«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև։
«Թեպետ ՀՖՖ-ի կողմից ակումբն ստացել էր 2024/25 թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագիր, այս տարի Առաջին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կապանի «Լեռնագործ» ստադիոնը չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին, իսկ «Սյունիքը» սկզբունքային դիրքորոշում ունի տնային հանդիպումներն անցկացնել բացառապես հարազատ մարզում՝ շեշտը դնելով տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման վրա, ակումբը որոշում է կայացրել ևս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։
«Սյունիք» ՖԱ ղեկավարությունը թիմի առաջ նպատակ է դրել գալիք մրցաշրջանն ավարտել առաջին հորիզոնականում և ոսկե մեդալներով տեղափոխվել Պրեմիեր լիգա»։