Սպորտ

Խվիչա Կվարացխելիան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ

Վրաստանի հավաքականի խաղացող Խվիչա Կվարացխելիան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, իտալական ակումբը վրացի կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 5 մլն եվրոյի նոր պայմանագիր՝ ներառյալ բոնուսները մինչև 2029 թվականը։ Համաձայն առաջարկի՝ աշխատավարձը հաջորդ մրցաշրջանների ընթացքում կբարձրանա և պայմանագրի վերջին տարիներին կգերազանցի 7 միլիոն եվրոն։ Պայմանագրում կարող է ներառվել նաև հատուցման կետ:

«Նապոլին» հանդիպում է կազմակերպել ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի, գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեի և Կվարացխելիայի գործակալի միջև։ Բանակցությունների արդյունքում Խվիչան չի համաձայնել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ֆուտբոլիստը դեռ կենտրոնացած է Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականում հանդես գալու վրա և ցանկանում է սպասել «Նապոլիի» ղեկավարության հետ նախատեսված երկրորդ հանդիպմանը Եվրո-2024-ից հետո։

Բացի այդ, ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է ՊՍԺ-ն:

Վաղը Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում կխաղա Իսպանիայի ընտրանու հետ։