Սպորտ

Լիբանանահայ միլիոնատերը մոտ է «Էվերթոնը» ձեռք բերելուն

Ֆարհադ Մոշիրին կարող է 400 միլիոն ֆունտով վաճառել «Էվերթոնը»:

The Independent-ի տվյալներով՝ ուրբաթ օրը ներդրողների կոնսորցիումը՝ Լոնդոնում ապրող հայ գործարար Վաչե Մանուկյանի գլխավորությամբ, ակումբի սեփականատիրոջը պաշտոնական առաջարկ է ուղարկել: Մանուկյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շփվել է Մոշիրիի հետ։

Նշվում է, որ առաջարկը չի ենթադրում լրացուցիչ պարտքային պարտավորություններ և ենթադրում է «Էվերթոնի» կայուն երկարաժամկետ զարգացման ռազմավարության մշակում:

Մանուկյանը տպավորված է «Էվերթոնի»՝ վերջին երկու մրցաշրջանի ընթացքում ակումբի կարգավիճակը սուղ բյուջեի պայմաններում պահպանելու աշխատանքով: Կոնսորցիումը կարծում է, որ կկարողանա ակումբին դուրս բերել ԱՊԼ-ի աղյուսակի վերին հորիզոնականներ։

Հաղորդվում է, որ Մոշիրին դրական է ընդունել Մանուկյանի առաջարկը. գործարարը հույս ունի, որ «Էվերթոնի» սեփականատիրոջ համաձայնության դեպքում գործարքը կփակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: Ընդ որում, Մոշիրին արդեն առնվազն երեք առաջարկ է ստացել ակումբը վաճառելու վերաբերյալ։

Հավակնորդների թվում են նաև բրիտանացի գործարարներ և «Էվերթոնի» վաղեմի երկրպագուներ Էնդի Բելը և Ջորջ Դաունինգը, ովքեր ամերիկյան MSP Sports Capital ներդրումային ընկերության գլխավորած խմբի մաս են կազմում: Անցյալ տարի MSP Sports Capital-ը «Էվերթոնին» տրամադրել է 158 միլիոն ֆունտ ստեռլինգ վարկ, ուստի Բելը և Դաունինգը լրացուցիչ խթան ունեն ակումբում իրենց առկա ներդրումները պաշտպանելու համար:

Երրորդ առաջարկը, պարադոքսալ կերպով եղել է Բելլի և Դաունինգի գործընկերների կողմից՝ MSP Sports Capital-ից: Այս հիմնադրամը, որը հիմնադրվել է Նյու Յորքում, հավաքել է նոր խումբ՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերահսկել ակումբը: Առաջարկը կապիտալի և պարտքային պարտավորությունների բարդ խառնուրդ է:

Նշենք, որ մասնագիտությամբ իրավաբան Վաչե Մանուկյանը հայտնի է որպես «Էվերթոնի» երկրպագու։ Նա զվարճանքի և անշարժ գույքի ոլորտում հայ մեծահարուստ Վաչե «Բոբ» Մանուկյանի և լոնդոնյան հայտնի գործարար Ռաֆի Մանուկյանի եղբորորդին է. երկուսն էլ լիբանանահայ միլիոնատերեր են: Վաչեն գործընկեր է IMS Digital Ventures գլոբալ ներդրումային ընկերությունում, որը մասնագիտացած է տեխնոլոգիաների ոլորտում: