Սպորտ

«Ռեալ Սոսյեդադը» հետևել է Գեորգի Հարությունյանի խաղին

Ըստ Metaratings.ru-ի տեղեկությունների՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադը» մի քանի ամիս առաջ հետևել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի խաղին:

Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը խորհրդակցություններ է անցկացրել գործակալների և միջնորդների հետ, ինչպես նաև տեղեկություններ հավաքել ֆուտբոլիստի վերաբերյալ: Կայքի տեղեկություններով՝ Հարությունյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ քիչ հավանական է:

Գեորգին ընդգրկված է իսպանական ակումբի շորթ-լիստում, սակայն տրանսֆերային գլխավոր նպատակը չէ: Դրա պատճառներից մեկը «Կրասնոդարի» կազմում 19-ամյա ֆուտբոլիստի խաղային պրակտիկայի բացակայությունն է։

Նախորդ մրցաշրջանում Հարությունյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է տասը խաղ բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը «ցլերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt պորտալը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։