Սպորտ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ավելի վաղ ֆուտբոլիստը սոցցանցերում հայտարարել էր, որ 2023/2024 մրցաշրջանի ավարտին կլքի ՊՍԺ-ն։

Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը ՊՍԺ էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Մոնակոյից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 306 հանդիպման, որոնցում դարձել է 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը ֆրանսիացի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։