ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամին»1:3 հաշվով պարտվել է «Ատլանտա Յունայթեդին»:
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացել է վրացի կիսապաշտպան Սաբա Լոբժանիձեն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 59-րդ րոպեին, վրացին դուբլ է ձևակերպել։ Երեք րոպե անց տանտերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Բուսկետսի փոխանցումից հետո կրճատել է հաշվի տարբերությունը: Սակայն 73-րդ րոպեին հյուրերի սենեգալցի հարձակվող Ջամալ Տիարեն վերջակետ է դրել այս հանդիպմանը՝ երրորդ գնդակը խփելով «Ինտեր Մայամիի» դարպասը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ժորդի Ալբան և Լուիս Սուարեսը՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային րոպեներից, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չեն ընկել:
«Ինտեր Մայամին» գլխավորում է ՄԼՍ-ի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 34 միավոր: «Ատլանտա Յունայթեդը» 16 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 23-րդ հորիզոնականում: