Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը 2024 թվականի հունիսի 1-ից 300 000 դրամի փոխարեն կդառնա 1 մլն դրամ:
Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկները միասին ամսական ընդհանուր առմամբ ստանում են 5.000.000 դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից 11 մարզիկ միասին կստանան ամսական 13.750.000 դրամ:
Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը. երեք ամսվա համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ գումարը կկազմի 26.250.000 դրամ: Մեկ այլ փոփոխությամբ՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները ՀՀ կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեով նախատեսված է 297,062.500 դրամ: