Սպորտ

Հայաստանում շարունակվում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովը

Հայաստանում շարունակվում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովը, որի մեկնարկը տրվել էր նախօրեին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում։

Այսօր Երևանում անցկացվել է «Սպորտը բոլորի համար» և «Սպորտի համաշխարհային նվաճումները» խորագրով ֆորումը, որին մասնակցել են Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների պատվիրակները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, զարգացման ուղղություններն ու կարևոր առաջնահերթությունները: Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ սպորտի ոլորտում ընթանում են խոշոր կապիտալ ծրագրեր. մի շարք մարզադպրոցներում ավարտվել են շինարարական, կառուցման և կահավորման աշխատանքները, իսկ որոշներում դրանք շարունակվում են:

Մասնավորապես, Գյումրիում ընթանում է Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները՝ մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ Կարեն Գիլոյանը նշել է՝ վերջերս կայացել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացումը, ընթացքի մեջ է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցումը, Արագածոտնի մարզում կմեկնարկեն Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները, Լոռու մարզում ըմբշամարտի մարզադպրոց կկառուցվի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի պատվին: Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր Յուրիկ Սարգսյանի հարազատ գյուղում ևս առաջիկայում կտրվի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման մեկնարկը:

«Սպորտը մեր առաջնահերթություններից է: ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր մարզիկները հավասար պայքար մղեն աշխարհի ուժեղագույնների հետ, հաղթանակներ տոնեն և բարձր պահեն մեր երկրի պատիվը միջազգային հարթակներում»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և կողմ է ազնիվ մարզական պայքարին:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ-ում պարբերաբար անցկացվում են մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ վազքի, հեծանվավազքի, լողի և սեղանի թենիսի մասսայական մրցումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով և խոշոր մրցանակային ֆոնդով, ինչպես նաև Բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև:

Միջոցառման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, «Ռուսաստանի մարզիկների միություն» համառուսական հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ միջազգային մարզական համագործակցության զարգացման գործում ունեցած նեդրման համար:

Շնորհակալագրերն ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին է փոխանցել «Ռուսաստանի մարզիկների միության» նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսը:

Ֆորումի ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, իսկ Հայաստանի ազգային հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը հանդես է եկել «Առանց դոպինգի սպորտ` մաքուր սպորտ» զեկույցով: