Սպորտ

Ժիրուն Եվրոյից հետո կավարտի կարիերան հավաքականում

Օլիվյե Ժիրուն կարիերան կավարտի Ֆրանսիայի հավաքականում Եվրո-2024-ից հետո:

«Իհարկե, կկարոտեմ հավաքականում հանդես գալը, բայց ժամանակս ավարտվում է։ Պետք է տեղը զիջել երիտասարդներին», - ասել է «Միլանի» հարձակվողը։

37-ամյա Ժիրուն Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2011 թվականից: Նա ազգային թիմի կազմում անցկացրել է 131 հանդիպում՝ դառնալով 57 գոլի հեղինակ (ռեկորդային ցուցանիշ):

«Եռագույնների» հետ հարձակվողը հաղթել է Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ում: Թիմի կազմում դարձել է նաև Ազգերի լիգայի հաղթող (2021թ.) և դարձել Քաթարի ԱԱ-2022-ի և տնային Եվրո-2016-ի արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: