Հանս-Դիտեր Ֆլիկը կփոխարինի Չավիին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Իսպանական «As»-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը «բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն և մարզական հանձնաժողովի անդամ Բոյան Կրկիչը Լոնդոնում հանդիպում են ունեցել Ֆլիկի հետ: Բանակցությունների արդյունքում ակումբն ու մարզիչը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել. սպասվում է, որ Ֆլիկը «Բարսելոնայի» հետ կկնքի երկու տարվա պայմանագիր:
Նշվում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան միշտ եղել է գերմանական մարզչական դպրոցի երկրպագու, և Ֆլիկը համարվում էր նրա ֆավորիտներից մեկը Չավիի հեռանալու դեպքում: Բանակցություններում կարևոր դեր է խաղացել նաև գերմանացի մասնագետի գործակալ Պինի Զահավին, որը վայելում է «Բարսելոնայի» ղեկավարության վստահությունը:
Ընդ որում, «Բարսելոնան» Չավիին դեռ չի հայտնել առաջիկա պաշտոնանկության մասին: Սպասվում է, որ դա տեղի կունենա ակումբի մարզական ղեկավարության հետ հանդիպմանը՝ Դեկուի գլխավորությամբ, որը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին: Նախատեսվում է, որ «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը Չավիի հրաժարականը կհաստատի հաջորդ հինգշաբթի: Չավիի շրջապատի խոսքով՝ կատալոնացիների գլխավոր մարզիչը պատրաստ է հրաժարական տալ և հրաժարվել փոխհատուցման զգալի մասից՝ պայմանով, որ ակումբը պայմանագրով սահմանված աշխատավարձը վճարի իր մարզչական շտաբի անդամներին: