ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսը, ենթադրաբար, քննարկել են ՈՒԵՖԱ‑ի միջոցների հաշվին ֆուտբոլիստների ֆինանսական կորուստների փոխհատուցման հնարավորությունը՝ կապված կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխատավարձերի կրճատման հետ:
The Objective պարբերականին հասանելի են դարձել Պիկեի և Մեսսիի՝ Ռուբիալեսի և Չեֆերինի հետ բանակցությունների հաղորդագրություններն ու ձայնագրությունները: Դրանք վկայում են եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի միջոցները «ուղղորդելու» փորձերի մասին՝ հօգուտ որոշ խաղացողների, որոնց եկամուտները նվազել են COVID‑19‑ի պատճառով։
Այս հարցի շուրջ առաջին զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 2-ին: Ռուբիալեսը զանգահարել է Պիկեին, վերջինս պատասխանել է, որ կես ժամից կզանգահարի։ Այդ հեռախոսազրույցում, ինչպես հայտնի է դարձել Չեֆերինի հետ RFEF‑ի նախկին ղեկավարի նամակագրության վերլուծությունից հետո, Պիկեն, Մեսիի թույլտվությամբ, Ռուբիալեսին հայտնել է արգենտինացի ֆուտբոլիստի մտահոգությունը համաճարակի պատճառով իր աշխատավարձի զգալի կրճատման վերաբերյալ: Օրեր առաջ «Բարսելոնան» առաջարկած է եղել 70% - ով կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը՝ ի պատասխան առողջապահական ճգնաժամի, որը նույնպես ազդած է եղել տնտեսության վրա:
Նույն օրը՝ Պիկեի հետ զրույցից մեկ ժամ անց, Ռուբիալեսը կապ է հաստատել ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ և մեսենջերով նրան ձայնագրություն ուղարկել: Ռուբիալեսը հանդես է եկել միջնորդի դերում և Չեֆերինին փոխանցել Մեսսիի մտահոգությունները։ Ռուբիալեսը բարձրացրել է խաղացողների ֆինանսական կորուստները փոխհատուցելու համար «ՈՒԵՖԱ-ի միջոցների օգտագործման» հնարավորության հարցը, սակայն երկուսն էլ համակարծիք են եղել, որ եթե այդ տեղեկատվությունը դառնա հանրության սեփականությունը, դա բացասաբար կանդրադառնա ֆուտբոլիստների իմիջի վրա: Ռուբիալեսն ընդգծել է Մեսսիի մտահոգությունը բանակցությունների «գաղտնիության» պահպանման վերաբերյալ:
«Նրանք [Պիկեն և Մեսսին] ինձ հստակ ասացին, որ ոչ ոք չպետք է իմանա, որ մենք խոսում ենք իրենց փողերի մասին, քանի որ եթե մարդիկ դա իմանան, նրանք մեզ կսպանեն», - իբր հայտարարել է Ռուբիալեսը: