Սպորտ

Հավաքական է հրավիրվել 4 նորեկ

Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

«Առաջիկա ընկերական խաղերը լավ հնարավորություն է փորձարկելու երիտասարդ ֆուտբոլիստների շատ լավ թիմերի դեմ խաղերում: Հենց այդ նպատակով են հավաքական հրավիրվել Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը, Անդրանիկ Հակոբյանը և Գոռ Մանվելյանը: Կրկին թիմ են հրավիրվել նաև մյուս երիտասարդները՝ Տիգրան Ավանեսյանը և Սերգեյ Մուրադյանը:

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Կալիսիրը, Նարեկ Գրիգորյանը և Ուգոչուկվու Իվուն:

Այս անգամ հավաքական չի ժամանի նաև Լուկաս Սելարայանը: Նա ուներ անձնագրային խնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով հենց հավաքականի հանդիպումների ժամանակահատվածում Լուկասը պետք է մեկնի Արգենտինա: Ես հրավիրել էի նաև Սարգիս Ադամյանին, բայց նա ինձ տեղեկացրեց, որ չի կարող միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ երկրորդ Բունդեսլիգայի նախապատրաստական շրջանն ավելի շուտ է մեկնարկում և իրեն հանգստանալու հնարավորություն է պետք:

Ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին, ապա, հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի՝ ընկերական խաղերի համար նախատեսված պատուհանը բացվում է հունիսի 3-ին, իսկ Նորբերտոյի թիմը հանդիպում ունի անցկացնելու հունիսի 2-ին, նա կկարողանար միանալ հավաքականին միայն հունիսի 4-ին Սլովենիայում: Հենց այդ պատճառով Նորբերտոն բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները»,- ասել է Հայաստանի հավաքակնի գլխավոր մարզիչը։