Վրաստանի կառավարությունը որոշել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին հատկացնել 3 միլիոն լարի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար նախատեսված է 850 հազար լարի հավելավճար։ Մենք քննարկել ենք մշակույթի և սպորտի նախարարության հետ և որոշում ենք կայացրել ավելացնել պարգևավճարի չափը մինչև 3 միլիոն լարի», - ասել է Կառավարության ղեկավարը։
Ավելի վաղ միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը խոստացել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ առաջին անգամ դուրս եկած Վրաստանի ֆուտբոլի հավաքականին վճարել 30 միլիոն լարի (11.2 միլիոն դոլար) այն դեպքում, եթե Վրաստանը դուրս գա Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլ: Եթե Վրաստանը դուրս գա խմբից, ապա յուրաքանչյուր հաջորդ հաղթանակի համար «Քարթու» հմինադրամը խոստանում է լրացուցիչ 30 մլն լարի վճարել:
Իսկ այսօր Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դեպի Գերմանիա լրացուցիչ ուղիղ ավիաչվերթներ կիրականացվեն վրացի երկրպագուների համար։