Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին:
Վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ:
Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում մրցագորգ դուրս կգան և օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), ազատ ոճի ընտրանու կազմում՝ Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):
Ստամբուլի մրցաշարին 93 երկրի ավելի քան 510 ըմբիշ է հայտավորվել: Վարկանիշային մրցաշարում կխաղարկվի օլիմպիական 54 ուղեգիր՝ յուրաքանչյուր քաշային կարգում 3-ական: Ստուգատեսի ավարտից հետո հայտնի կդառնան Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բոլոր 288 մասնակից ըմբիշները:
Հայ ըմբիշներից դեռևս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: