Սպորտ

Կուրտուան կարող է մասնակցել «Ռեալի» կարևորագույն հանդիպումներին

Տիբո Կուրտուան կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն այս մրցաշրջանում:

Բելգիացի դարպասապահն օգոստոսից չի խաղացել խաչաձև կապանների պատռվածքի և մենիսկի վնասվածքի պատճառով:

Չի բացառվում, որ Կուրտուան այս մրցաշրջանում մասնակցի «Ռեալի» կարևորագույն հանդիպումներին․ գրում է Relevo-ն: Հանդերձարանում կարծում են, որ 31-ամյա դարպասապահը պատրաստ է խաղալ, մարզչական շտաբը հավատում է նրան։ Օրեցօր Տիբոն իրեն ավելի լավ է զգում։

Նշվում է, որ ակումբը գնահատում է նաև Անդրեյ Լունինի խաղը, որը «գերազանցել է բոլոր սպասելիքները»: Սակայն մադրիդցիները խոստովանում են, որ ուկրաինացին դեռ չի հասնում բելգիացու մակարդակին. դա արտահայտվում է պաշտպանական խաղացողների վրա նրա ազդեցությամբ և տուգանային հարվածների ժամանակ գործողություններով։

«Բավարիայի» հետ առաջին խաղից հետո «Ռեալի» մարզչական շտաբը Լունինին կշտամբել է որոշ սխալների համար, օրինակ՝ Լերոյ Սանեի գոլի դրվագում: