Սպորտ

Վրաստանում հավաքականի ֆուտբոլիստները ևս միացել են բողոքի ակցիաներին

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ներկայացուցիչների մի մասն արձագանքել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ անցկացվող զանգվածային ակցիաներին:

Զիվզիվաձեն սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Օրինակ, ես կլինեմ։ Չկա Ռուսաստան, Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա է։
Հ.Գ. Թող ինձ ոչ ոք շնորհակալություն չհայտնի, քանի որ ես ասում եմ այն, ինչ պետք է ասի յուրաքանչյուր վրացի»:

Ֆուտբոլիստ Գեորգի Չակվետաձեն «Instagram»-ում հրապարակել է Վրաստանի և Եվրամիության դրոշների լուսանկարը և մակագրել այն «Վրաստանը՝ Եվրոպայում»: Նույնն արել է նաև հավաքականի մեկ այլ խաղացող՝ Ջաբա Կանկավան։ Գրառման մեջ նա նաև հայհոյել է Ռուսաստանին:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի՝ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի քննարկումը Վրաստանի խորհրդարանում կշարունակվի այսօր՝ ապրիլի 17-ին:

Վրաստանի բոլոր միջազգային գործընկերները Թբիլիսիին կոչ են արել հրաժարվել օրինագծի հաստատումից, որը կրկին ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Անցյալ տարի փաստաթուղթը հետ էր կանչվել երկու օր տևած զանգվածային բողոքի ակցիաներից և ուժայինների հետ ցուցարարների բախումներից հետո: