Սպորտ

«2026թ. Աշխարհի առաջնությունը իմ նպատակն է». Դելե Ալի

Դելե Ալին հայտարարել է, որ ԱԱ-2026-ում մտադիր է խաղալ Անգլիայի հավաքականում:

Հարձակողական ոճի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի փետրվարից. այդ ընթացքում նա դեռ խաղում էր «Բեշիկթաշում»։ «Էվերթոնի» կազմում այս մրցաշրջանում նա երբեք չի խաղացել։

«Չեմ ուզում վերադառնալ այն ամենին, ինչի մասին խոսել եմ հարցազրույցում։ Ես գիտեմ, թե որն է իմ մակարդակը, ինչի կարող եմ հասնել: Ես գիտեմ, թե որքան լավը կարող եմ լինել, երբ հոգեբանորեն պատրաստ եմ, երբ ինձ լավ եմ զգում: Իհարկե, հիասթափված եմ վնասվածքից, բայց ոգևորությամբ սպասում եմ խաղադաշտ վերադառնալու հնարավորությանը։

Վերջին ութ ամսում ինձ համար դժվար է ֆուտբոլ դիտել։ Գիտեք, դուք կարող եք հիշեցումներ տեղադրել ձեր հեռախոսում: Ամեն օր, առավոտյան ժամը 11-ի համար հիշեցում ունեմ՝ 2026թ․ աշխարհի առաջնությունը։ Հիմա դա իմ նպատակն է։ Ասում են՝ «բայց նա մեկ տարի չի խաղացել»․ դա ինձ չի հետաքրքրում, ես գիտեմ իմ մակարդակը:

Հիմա աշխարհի առաջնությունն իմ միակ նպատակն է։ Այո, ես վնասվածք ունեմ, պայմանագիր ունեմ «Էվերթոնի» հետ, ուստի ցանկանում եմ աստիճանաբար առաջ շարժվել: Պետք է բուժել վնասվածքը, որ ամառվանից հետո լինեմ լավագույն վիճակում: Այս ամենը նյարդայնացնում է, քանի որ ես կվերադառնամ մարզումներին, երբ մրցաշրջանն ավարտվի: Բայց դա նշանակում է, որ ես շտապելու կարիք չեմ ունենա», - ասել է Ալին Sky Sports-ին: