Սպորտ

Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:

Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը գլխավերևում պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն էր՝ 185 կգ արդյունքով:

Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը, սակայն, 0 էր ստացել: Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 13:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Թաիլանդում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն: Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: