Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը ձերբակալվել է օդանավակայանում Իսպանիա վերադառնալուց հետո։
Մարտի 20-ին Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կենտրոնակայանում խուզարկություններ են անցկացվել՝ կապված կոռուպցիայի և փողերի լվացման նշանների հետ, որոնք հայտնաբերվել են երկրում Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման մասին Սաուդյան Արաբիայի հետ գործարքում: Ուսումնասիրվում են 2018-2023 թվականներին կնքված տարբեր պայմանագրեր, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը։ Խուզարկություններ են իրականացվել նաև ավելի քան 10 տներում, այդ թվում՝ Գրանադայում Ռուբիալեսի տանը․ ձերբակալվել է 7 մարդ:
Խուզարկությունների պահին Ռուբիալեսը, որը նույնպես հետաքննության տակ է գտնվում այս գործի շրջանակներում, Դոմինիկյան Հանրապետությունում էր բիզնեսի հարցերով. հաղորդվում էր, որ RFEF-ի նախկին ղեկավարը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ:
Այսօր Ռուբիալեսը Դոմինիկյան Հանրապետությունից ժամանել է Իսպանիա։ Մադրիդի օդանավակայանում նրան սպասում էին Իսպանիայի ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի ծառայողները։
Ինչպես հայտնում է Marca-ն, օդանավակայանից Ռուբիալեսը հեռացել է քաղաքացիական գվարդիայի ֆուրգոնով։ Ենթադրվում է, որ RFEF-ի նախկին ղեկավարին կտեղափոխեն Մահադաոնդայի դատարանի շենք՝ ցուցմունք տալու համար։