Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի հետ։
37-ամյա փորձառու ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես Մոսկվայի «Լոկոմոտիվի» և «Սպարտակի», ինչպես նաև «Ախմատ», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակի» կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։
Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։
Ֆուտբոլիստը մեր ակումբ է տեղափոխվել «Սպարտակ Կոստրոմայից», որի հետ մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ողջունում ենք Դենիս Գլուշակովին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում մեր թիմի հետ միասին։